ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 60-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՉԻԼԻՈՒՄ

2017 թվականի նոյեմբերի 12-16-ը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության տարեկան 60-րդ համաժողովը: Համաժողովի ներկաներին ողջունեց և զեկույցով հանդես եկավ Դատավորների միջազգային միության նախագահ Քրիստոֆ Ռեգնարդը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին դատավորների և դատական իշխանության անկախության, Դատավորների միջազգային միության անդամ միությունների դատական համակարգերի վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև այլ միջազգային միությունների հետ համագործակցության խորացմանն առնչվող և այլ ընթացիկ հարցեր: Մասնավորապես՝ Առաջին ուսումնասիրող հանձնաժողովի քննարկման թեման էր «Դատական համակարգի անկախությանն ուղղված սպառնալիքները և արդարադատության որակը. ծանրաբեռնվածությունը, ռեսուրսները և բյուջեն»: Երկրորդ ուսումնասիրող հանձնաժողովում քննարկումներ ծավալվեցին «Տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացիական գործերի քննության ընթացքում» թեմայի շրջանակում: Երրորդ ուսումնասիրող հանձնաժողովի քննարկումները նվիրված էին «Հանցանք կատարած անձանց դատապարտումը» թեմային, իսկ չորրորդ ուսումնասիրող հանձնաժողովինը՝ «Ճկուն աշխատանքը և աշխատանքային հարաբերությունների զարգացող այլ տեսակները»:

Դատավորների անկախության ամրապնդման, դատավորի դերի ու հեղինակության բարձրացման կապակցությամբ Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ. Թայվանում ընդունված «Դատավորի համընդհանուր խարտիա»-ի (այսուհետ՝ Խարտիա) տեքստում կատարված փոփոխությունները համաժողովը միաձայն հաստատեց ու ընդունեց: Հարկ է նշել, որ հիշյալ Խարտիայի փոփոխումների և լրացումների աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև ՀՀ դատավորների միությունը, որի արդյունքում, մասնավորապես՝ ՀՀ դատավորների միության նախկին նախագահ, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի առաջարկության հիման վրա Խարտիայի 8.3-րդ հոդվածը, որը վերաբերում է դատավորի՝ կենսաթոշակի անցնելուն, լրացվել է հետևյալ նախադասությամբ. «Նա (կենսաթոշակի անցած դատավորը) չի կարող զրկվել իր կենսաթոշակից միայն այն հիմքով, որ իրականացնում է այլ մասնագիտական գործունեություն» (տե՛ս «Դատավորի համընդհանուր խարտիա», հոդված 8.3):

Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Արևելյան Թիմորի, Գվինեա Բիսաուի և Լիբերիայի դատավորների միությունների՝ Դատավորների միջազգային միությանն անդամագրվելու հարցը: Քվեարկության արդյունքում որոշվեց վերոնշյալ 3 միություններին թույլատրել անդամակցել Դատավորների միջազգային միությանը:

Հիմք ընդունելով Դատավորների միջազգային միության Կանոնադրության 5.2 կետը և հաշվի առնելով Կամերունի դատավորների միության կողմից Դատավորների միջազգային միության անդամակցության տարեկան անդամավճարն ավելի քանի 4 տարի չվճարելու հանգամանքը՝ որոշվեց Կամերունի դատավորների միության անդամակցությունը Դատավորների միջազգային միությանը դադարեցնել:

Համաժողովը միաձայն որոշեց հաջորդ տարեկան համաժողովն անցկացնել Մարաքեշում (Մարոկկո) 2018 թվականի նոյեմբերին:

Ստորև ներկայացվում է «Դատավորի համընդհանուր խարտիա»-ն, որի հայերեն թարգմանված տարբերակը տեղադրված է նաև Դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում (http://www.iaj-uim.org/universal-charter-of-judges-2017-armenian/):



ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՐՏԻԱ

Ընդունված Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից
1999թ.-ի նոյեմբերի 17-ին Թայվանում
[Հղումը՝ 1999 թ.-ի հրատարակությանը]

Վերանայված 2017 թ.-ի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի)
[Նոր Համընդհանուր խարտիայի ներկայացում]

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Չկա անկախություն, եթե դատական իշխանությունը տարանջատված չէ օրենսդիր և գործադիր իշխանություններից»,- նշում է Մոնտեսքյոն իր «Օրենքների ոգին» աշխատությունում:

Մոնտեսքյոյի փիլիսոփայության ազդեցությունը մեծապես կրելով՝ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ և իրավաբան Ալեքսանդր Համիլթոնը 1780-ական թվականներին «Ֆեդերալիստ կամ նոր Սահմանադրության» 78-րդ հոդվածով դատական համակարգի տեղը մյուս իշխանության ճյուղերի հետ առնչությամբ բնութագրեց այս ազդեցիկ բառերով. «Նա, ով ուշադիր ուսումնասիրում է տարբեր իշխանությունները, պետք է գիտակցի, որ կառավարությունում, որտեղ դրանք տարանջատված են մեկը մյուսից, դատական համակարգը, ելնելով իր գործառույթների բնույթից, Սահմանադրության քաղաքական իրավունքների համար միշտ կլինի ամենաքիչ վտանգավորը, քանի որ այն ամենաքիչ կարողությունը կունենա ցնցելու կամ վնասելու դրանք: (...) Համեմատության մեջ դատական իշխանությունն իշխանության երեք ճյուղերից ամենաթույլն է, այն երբեք չի կարող նույն հաջողությամբ գրոհել, ինչ մյուս երկուսը, և բոլոր հնարավոր ուշադրությունն անհրաժեշտ է նրան հնարավորություն տալու իրեն պաշտպանել գրոհներից»:

Իրավունքի գերակայության կարևորագույն մասը, անկասկած, ներկայացնում է դատական իշխանության անկախությունը:

Ուստի հրամայական է ամրապնդել այս իշխանությունը՝ որպես պետության և այլ հատուկ շահագրգիռ խմբերի ազդեցությունից քաղաքացիական իրավունքների պաշտպանության երաշխիք:

Դատական համակարգի անկախությանը վերաբերող հիմնարար սկզբունքները ՄԱԿ-ի կողմից գործածության մեջ են դրվել 1985 թ.-ից: Դատավորների և փաստաբանների անկախության հարցերով պատասխանատու հատուկ զեկուցող է նշանակվել՝ ապահովելու այս չափանիշների պահպանումը և հարկադրելու դրանց զարգանալ մշտապես բարձր մակարդակներում՝ ելնելով քաղաքացիների շահերից:

Միջազգային կազմակերպությունները տարածաշրջանային մակարդակով, մասնավորապես՝ Եվրոպայի խորհուրդը, նույնպես վերջին տարիներին գործածության մեջ են դրել շատ չափանիշներ:

«Նշելով, որ իրենց իրավական պարտականությունները կատարելիս դատավորների դերը կարևոր է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համատեքստում» և «ցանկանալով խթանել դատավորների անկախությունը, որն օրենքի գերակայության անբաժանելի տարրն է և անհրաժեշտ է դատավորների անաչառության և դատական համակարգի գործունեության համար»՝ Եվրոպայի խորհուրդը Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության մասին 2010/12 հանձնարարականի նախաբանում շեշտել է, որ «դատական համակարգի անկախությունն ապահովում է յուրաքանչյուր մարդու արդար դատաքննության իրավունքը և, հետևաբար, դատավորների համար արտոնություն չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի երաշխիք, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին վստահություն ունենալ արդարադատության համակարգի հանդեպ»:

Չնայած այս պաշտպանող կանոնների ժողովածուի օգտակարությանը, այնուամենայնիվ, այնպիսի կազմակերպության, ինչպիսին է Դատավորների միջազգային միությունը (IAJ), առաքելությունն է խթանելու իր սեփական կանոնները և ձգտելու ողջ աշխարհով դրանց տալ պարտադիր բնույթ, ինչպես նաև դատավորներին և դատախազներին առավել երաշխիքներ տալու համար ուշադրություն դարձնել նման չափանիշների զարգացմանը:

1993-1995թթ. տարածաշրջանային խարտիաների ընդունումից հետո 1999թ. Թայվանում Դատավորների միջազգային միության կողմից միաձայն ընդունվեց Դատավորի համընդհանուր խարտիան:

Այդ ժամանակից ի վեր շատ հարցեր են առաջ եկել, որոնք այն ժամանակ չէին կարող հաշվի առնվել: Դա վերաբերում է էթիկային և դեոնթոլոգիային, որոնք զարգացել են քաղաքացիների աճող և օրինական պահանջների հիման վրա, ինչպես նաև՝ որպես անաչառության հայեցակարգի կատարելագործում:

Սա նաև վերաբերում է հաղորդակցությանն այն աշխարհում, որն ավելի ու ավելի բաց և «կապակցված» է: Ի վերջո, նույնը ճիշտ է նաև բյուջետայի հարցերի բարդ տնտեսական համատեքստում, ինչպես նաև դատավորների վարձատրության և աշխատանքային ծանրաբեռնվածության խնդրի համար:

Դատավորների միջազգային միության կողմից Երկրորդ ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում այլ թեմաներ նույնպես ուսումնասիրվել են: Այդպիսի աշխատանքների եզրակացությունները ենթակա են ներառման Խարտիայում:

Այն ժամանակաշրջանում, երբ շատ երկրներում դատական համակարգի իրավունքները սպառնալիքի տակ են, դատավորները հարձակման են ենթարկվում, դատախազները մեղադրվում են, 1999 թ.-ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի վերանայումը դարձել է անհրաժեշտություն:

2014 թ.-ին Ֆոս դու Իգուասուում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհուրդը հավանության է արժանացրել 1999 թ.-ին Թայվանում ընդունված Խարտիայի վերանայման վերաբերյալ Նախագահական կոմիտեի առաջարկը:

Բարսելոնայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն էր նախապատրաստել նոր Խարտիայի նախագիծ:

Աշխատանքային խմբի կազմում էին՝

Խարտիայի նախագիծը քննարկվել է 2017 թ.-ի ապրիլ և մայիս ամիսներին կայացած Տարածաշրջանային խմբերի գարնանային հանդիպումների ընթացքում, հետագայում՝ Սանտյագոյում (Չիլի) տեղի ունեցած Կենտրոնական խորհրդի հանդիպման ընթացքում:

Ներքոշարադրյալ Խարտիան, որը ներկայացնում է պահանջվող նվազագույն երաշխիքները, դատավորների և փաստաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մ. Դիեգո Գարսիա Սայանի ներկայությամբ 2017թ.-ի նոյեմբերի 14-ին միաձայն ընդունվեց:

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Դատական իշխանությունը, որպես օրենքի գերակայության երաշխիք, ցանկացած ժողովրդավարական պետության իշխանության երեք ճյուղերից մեկն է:

Իրենց աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածում դատավորները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը: Դատավորները պարտավոր են նպաստել անձանց` նրանց քաղաքացիական իրավունքների և պարտականությունների որոշման կամ նրանց ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունքի իրականացմանը:

Դատավորի անկախությունն անհրաժեշտ պայման է օրենքի հիման վրա անկողմնակալ արդարադատություն իրականացնելու համար: Այն անբաժանելի է: Այն դատավորների անձնական շահերի համար տրված արտոնություն կամ առավելություն չէ, այլ կոչված է ապահովելու օրենքի գերակայությունը և ցանկացած շահագրգիռ անձի շահերը, ով դիմել է և ակնկալում է անկողմնակալ արդարադատություն:

Բոլոր ազգային կամ միջազգային կառույցներն ու իշխանությունները պարտավոր են հարգել ու պաշտպանել այդ անկախությունը:

ՀՈԴՎԱԾ 2. ԱՐՏԱՔԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Հոդված 2.1. Անկախության երաշխիքները` ամրագրված բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտում

Դատական իշխանության անկախությունը պետք է ամրագրված լինի Սահմանադրությունում կամ այլ հնարավոր բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտում:

Դատական համակարգի այսպիսի կարգավիճակը պետք է ապահովվի օրինաստեղծ և իրավապաշտպան դատական իշխանության կողմից, որն իրապես և արդյունավետորեն պետք է անկախ լինի իշխանության մյուս ճյուղերից:

Դատավորը, որպես դատական պաշտոնյա, պետք է հնարավորություն ունենա դատական իշխանությունն իրականացնել սոցիալական, տնտեսական և քաղաքական ճնշումներից անկախ, ինչպես նաև անկախ այլ դատավորներից ու դատական համակարգի ղեկավար մարմիններից:

Հոդված 2.2. Անփոփոխելիությունը

Նշանակված կամ ընտրված դատավորը պաշտոնավարում է մինչև պարտադիր կենսաթոշակային տարիքի հասնելը կամ իր լիազորությունների դադարեցումը:

Դատավորը պետք է նշանակվի առանց որևէ ժամանակային սահմանափակման: Եթե իրավական ակտերով նախատեսված է դատավորի` որոշակի ժամանակահատվածով նշանակման ընթացակարգ, ապա նշանակման պայմանները պետք է երաշխավորեն, որ դատական անկախությունը չի վտանգվի:

Որևէ դատավոր, առանց իր համաձայնության, չի կարող այլ պաշտոնի կամ առավել բարձր պաշտոնի նշանակվել:

Դատավորը չի կարող տեղափոխվել, նրա գործունեությունը չի կարող ժամանակավորապես ընդհատվել, նա չի կարող հեռացվել իր պաշտոնից, բացառությամբ, եթե դա նախատեսված է օրենքով և օրենքի հիման վրա կարգապահական վարույթի արդյունք է՝ պաշտպանության իրավունքի և մրցակցության սկզբունքի պահպանմամբ:

Դատավորի պարտադիր կենսաթոշակային տարիքի սահմանման ցանկացած փոփոխություն չպետք է հետադարձ ուժ ունենա:

Հոդված 2.3. Դատական խորհուրդ

Դատական անկախությունը երաշխավորելու համար պետք է ստեղծվի Դատական խորհուրդ կամ այլ համարժեք մարմին, բացառությամբ այն երկրների, որտեղ անկախությունն ավանդաբար ապահովվում է այլ միջոցներով:

Դատական խորհուրդը պետք է անկախ լինի իշխանության մյուս ճյուղերից:

Այն պետք է կազմված լինի դատավորների մեծամասնությունից` ընտրված իրենց գործընկերների կողմից` նրանց առավելագույն ներկայացուցչությունը նախատեսող ընթացակարգին համապատասխան:

Քաղաքացիական հասարակության բազմազանությունն ապահովելու համար Դատական խորհրդի կազմում կարող են լինել նաև ոչ դատավոր անդամներ: Որևէ կասկածից խուսափելու համար նման անդամները չեն կարող լինել քաղաքական գործիչներ: Անաչառության, անկախության, անկողմնակալության և դատավորի հմտությունների վերաբերյալ նրանք պետք է ունենան դատավորին ներկայացվող նույն որակավորումը: Կառավարության կամ Խորհրդարանի անդամը չի կարող միևնույն ժամանակ զբաղեցնել Դատական խորհրդի անդամի պաշտոնը:

Դատական խորհուրդը դատավորների ցուցակների կազմման, նրանց վերապատրաստման, նշանակման, առաջխաղացման և կարգապահական պատասխանատվության ոլորտներում պետք է օժտված լինի լայն լիազորություններով:

Դատական կարգավիճակի և էթիկայի, ինչպես նաև արդարադատության տարեկան բյուջեի և դատարաններին հատկացվող միջոցների, կազմակերպման, գործունեության ու դատական կառույցների հանրային պատկերին վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ պետք է նախատեսված լինի Խորհրդի` իշխանության մյուս ճյուղերի հետ խորհրդակցելու հնարավորությունը:

Հոդված 2.4. Միջոցներ արդարադատության իրականացման համար

Իշխանության մյուս ճյուղերը պարտավոր են դատական համակարգն ապահովել անհրաժեշտ միջոցներով, որպեսզի այն իր գործառույթներն իրականացնի պատշաճ:

Դատական համակարգը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու դատական համակարգի բյուջեին, նյութական և մարդկային ռեսուրսներին առնչվող որոշումների կայացմանը կամ տեղեկանալու դրանց մասին:

Հոդված 2.5. Դատավորի պաշտպանությունը և հարգանքը դատական ակտերի հանդեպ

Իր ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ ծագած ցանկացած տեսակի սպառնալիքների և հարձակումների դեպքում դատավորը պետք է օգտվի օրենքով սահմանված պաշտպանությունից:

Դատավորի և նրա ընտանիքի անդամի ֆիզիկական անվտանգությունը պետք է ապահովվի պետության կողմից: Որպեսզի ապահովվի դատական լսումների խաղաղ ընթացքը, պետությունը դատարանների համար պետք է ձեռնարկի պաշտպանական միջոցներ:

Պետք է խուսափել դատական ակտերի այնպիսի քննադատություններից, որոնք կարող են վարկաբեկել դատական համակարգի անկախությունը, վտանգի ենթարկել հասարակության վստահությունը դատական համակարգի հանդեպ: Նման անհիմն պնդումների պարագայում պետք է գործեն այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան դատական գործեր հարուցել և շահագրգիռ դատավորներին պատշաճ կարգով պաշտպանել:

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Հոդված 3.1. Դատավորի ենթարկվելն օրենքին

Դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը:

Դատական համակարգի հիերարխիկ կառուցվածքն այն կերպ, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի (տե՛ս հոդված 3.2), կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում:

Հոդված 3.2. Անձնական ինքնուրույնությունը

Անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն:

Դատավորներին ցանկացած տեսակի հրամաններ կամ ցուցումներ տալու այս արգելքը չի տարածվում վերադաս ատյանի դատարանների վրա, երբ նրանք օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան բեկանում են ստորադաս ատյանի դատարանների դատական ակտերը:

Հոդված 3.3. Դատական վարչարարություն

Դատական համակարգի ներկայացուցիչների հետ պետք է խորհրդակցություն անցկացվի ցանկացած այնպիսի որոշում կայացնելիս, որը կարող է ազդեցություն ունենալ դատական պարտականությունները կատարելիս:

Քանի որ դատական վարչարարությունը կարող է ազդեցություն ունենալ դատական անկախության վրա, այն պետք է գլխավորապես վստահել դատավորներին:

Դատավորները պատասխանատու են իրենց կատարած գործողությունների համար և պետք է քաղաքացիներին հասանելի դարձնեն արդարադատության իրականացման կապակցությամբ ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն:

Հոդված 3.4. Գործերի բաշխման կարգը

Գործերի բաշխումը պետք է հիմնված լինի օրենքով նախատեսված այնպիսի օբյեկտիվ կանոնների վրա, որոնց մասին դատավորները նախապես տեղեկացվել են: Գործերի բաշխման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է կայացվի թափանցիկության սկզբունքի հիման վրա և լինի վերահսկելի:

Առանց ծանրակշիռ փաստարկների մատնանշման գործը չպետք է վերցվի դատավորից: Նման փաստարկների գնահատումը պետք է հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների վրա, նախատեսված լինի օրենքով և պահպանի դատական համակարգի կողմից իրականացվող թափանցիկ ընթացակարգը:

Հոդված 3.5. Խոսքի ազատությունը և միություններ ստեղծելու իրավունքը

Դատավորները, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, ունեն խոսքի ազատության իրավունք: Այնուամենայնիվ, իրենց այս իրավունքն իրականացնելիս նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն և մշտապես վարվեն այնպես, որպեսզի պահպանեն իրենց բարձր կոչումը, ինչպես նաև դատական իշխանության անկախությունն ու անկողմնակալությունը:

Պետք է օրենքով նախատեսված լինի մասնագիտական միություններին անդամակցելու դատավորների իրավունքը, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի խորհրդակցելու տարբեր հարցերի շուրջ, հատկապես՝ իրենց կարգավիճակի, էթիկայի և այլ հարցերի շուրջ, արդարադատության հարցերի շուրջ և նաև որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի պաշտպանելու իրենց օրինական շահերն ու անկախությունը:

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 4.1. Համալրումը

Դատավորների համալրումը պետք է հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների վրա, որոնք կարող են երաշխավորել մասնագիտական հմտություններ և պետք է իրականացվի 2.3-րդ հոդվածում նշված մարմնի կողմից:

Դատավորի թեկնածուների ընտրությունը պետք է իրականացվի անկախ սեռից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, փիլիսոփայական և քաղաքական հայացքներից կամ կրոնական համոզմունքներից:

Հոդված 4.2. Վերապատրաստումը

Նախնական և ընթացիկ վերապատրաստման դասընթացներն այնքանով, որքանով դրանք ապահովում են դատական իշխանության անկախությունը, ինչպես նաև դատական համակարգի բարձր որակն ու արդյունավետությունը, հանդիսանում են դատավորի իրավունքն ու պարտականությունը: Դրանք պետք է կազմակերպվեն դատական համակարգի մարմինների հսկողության ներքո:

ՀՈԴՎԱԾ 5. ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 5.1. Նշանակումը

Դատավորի ընտրությունը և յուրաքանչյուր նշանակումը պետք է իրականացվի օբյեկտիվության և թափանցիկության չափանիշներին համապատասխան` հիմնված պատշաճ մասնագիտական որակավորման վրա:

Ընտրությունը պետք է իրականացվի անկախ մարմնի կողմից` նշված 2.3-րդ հոդվածում կամ նրան համարժեք այլ մարմնի կողմից:

Հոդված 5.2. Առաջխաղացումը

Այն դեպքում, երբ դատավորի առաջխաղացումը պայմանավորված չէ տարիքով, այն պետք է բացառապես հիմնված լինի օբյեկտիվ և մրցակցային գնահատման արդյունքում հաստատված դատական պարտականությունների կատարման որակների և արժանիքների վրա:

Առաջխաղացման որոշումները պետք է հայտարարվեն օրենքով նախատեսված թափանցիկ ընթացակարգերի շրջանակներում: Դրանք կարող են տեղի ունենալ միայն դատավորի հայցմամբ կամ նրա համաձայնությամբ:

Երբ որոշումներն ընդունվում են սույն Խարտիայի 2.3-րդ հոդվածում նշված մարմնի կողմից, դատավորին, ում առաջխաղացման դիմումը մերժվել է, կարող է թույլատրվել վիճարկելու այդ որոշումը:

Հոդված 5.3. Գնահատումը

Այն երկրներում, որտեղ դատավորները գնահատվում են, գնահատումն առաջին հերթին պետք է լինի որակական և պետք է հիմնվի այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են դատավորի մասնագիտական, անձնական և սոցիալական հմտությունները, ինչ վերաբերում է վարչական գործառույթների կատարման կապակցությամբ առաջխաղացմանը, ապա այն պետք է հիմնված լինի դատավորի կառավարչական հմտությունների վրա:

Գնահատումը պետք է հիմնված լինի նախապես հրապարակված օբյեկտիվ չափանիշների վրա: Շահագրգիռ դատավորին պետք է հնարավորություն ընձեռնվի ներգրավվելու գնահատման գործընթացին, ում կարող է թույլատրվել բողոքարկելու այդ որոշումն այլ անկախ մարմնի:

Ոչ մի պարագայում չի թույլատրվում դատավորներին գնահատել իրենց կայացրած դատական ակտերի հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 6. ԷԹԻԿԱՆ

Հոդված 6.1. Ընդհանուր դրույթներ

Ցանկացած պարագայում դատավորները պետք է առաջնորդվեն էթիկայի կանոններով:

Այդպիսի կանոնները, միաժամանակ շոշափելով դատավորների մասնագիտական պարտականությունները և վարվելակերպը, պետք է ուղղորդեն դատավորներին և նրանց վերապատրաստման մի մասը կազմեն:

Այդ կանոնները պետք է ձևակերպվեն գրավոր, որպեսզի բարձրացնեն դատավորների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Էթիկայի այդպիսի կանոնների զարգացման գործընթացում դատավորները պետք է առաջատար դեր ունենան:

Հոդված 6.2. Անկողմնակալությունը, արժանապատվությունը, անհամատեղելիությունը, զսպվածությունը

Իր պարտականությունները կատարելիս դատավորը պետք է անկողմնակալ լինի, և դա պետք է լինի տեսանելի:

Իր պարտականությունները կատարելիս դատավորը պետք է դրսևորի զսպվածություն և ուշադրության արժանացնի դատարանի պատվի ու գործով ներգրավված այլ անձանց արժանապատվության պահպանման հարցերին:

Դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն արդյունավետորեն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության և անկախության հանդեպ վստահության վրա:

Հոդված 6.3. Արդյունավետությունը

Դատավորը պարտավոր է առանց անհարկի ձգձգումների բարեխղճորեն և արդյունավետորեն կատարել իր պարտականությունները:

Հոդված 6.4. Արտաքին գործունեությունը

Դատավորն իրավունք չունի իրականացնել որևէ այլ գործառույթ (հանրային կամ մասնավոր, վճարովի կամ անվճար), որը լիովին համատեղելի չէ դատավորի պարտականությունների և կարգավիճակի հետ:

Նա պետք է խուսափի շահերի ցանկացած բախումից:

Դատավորն առանց իր համաձայնության չպետք է ենթարկվի արտաքին նշանակումների:

Հոդված 6.5. Դատավորի հնարավորությունը խորհրդատվություն ստանալու համար դիմելու անկախ մարմնի

Այն դեպքում, երբ դատավորները գտնում են, որ իրենց անկախությունը վտանգված է, նրանք պետք է հնարավորություն ունենան դիմելու որևէ անկախ մարմնի, ցանկալի է սույն Խարտիայի 2.3-րդ հոդվածում տրված մարմնի նկարագրությանը համապատասխան, որը կունենա միջոցներ փաստերի քննման համար և նրանց օգնություն ու օժանդակություն կցուցաբերի:

Դատավորները պետք է հնարավորություն ունեն էթիկայի վերաբերյալ խորհուրդներ ստանալ դատական համակարգում գործող մարմնից:

ՀՈԴՎԱԾ 7. ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7.1. Կարգապահական վարույթը

Դատական համակարգի ղեկավարումը և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործողությունները պետք է այնպես կազմակերպվեն, որ վտանգի տակ չդրվի դատավորի բուն անկախությունը, և որ ուշադրության արժանանան միայն օբյեկտիվ և վերաբերելի հանգամանքները:

Կարգապահական վարույթը պետք է իրականացվի անկախ մարմնի կողմից, որը ներառում է դատավորների մեծամասնությունը կամ նրան համարժեք այլ մարմնի կողմից:

Դատավորի նկատմամբ որևէ կարգապահական գործողություն չի կարող ձեռնարկվել` որպես նրա կողմից վարվող գործերով որոշումներ կայացնելիս օրենքի մեկնաբանության կամ փաստերի գնահատման կամ ապացույցների կշռադատման հետևանք, բացառությամբ դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքերի, որոնք հաստատված են վերջնական դատական ակտով:

Կարգապահական վարույթը պետք է իրականացվի օրենքով նախատեսված պատշաճ ընթացակարգով: Այդ վարույթը դատավորի համար պետք է հասանելի լինի, և նա պետք է հնարավորություն ունենա օգտվելու փաստաբանի կամ որևէ գործընկերոջ օգնությունից: Կարգապահական վարույթի արդյունքում կայացված որոշումները պետք է լինեն պատճառաբանված և կարող են բողոքարկվել անկախ մարմնին:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել միայն դրա վերաբերյալ օրենքի առկայության պայմաններում և այդ օրենքով նախատեսված կարգով: Կարգապահական տույժերը պետք է լինեն համաչափ:

Հոդված 7.2. Քաղաքացիական և քրեական պատասխանատվությունը

Դատավորի նկատմամբ իրականացվող քաղաքացիական պատասխանատվությունն այն երկրներում, որտեղ նախատեսված է, և քրեական պատասխանատվությունը, ներառյալ` ձերբակալումը, պետք է միայն թույլատրելի լինեն այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որոնք կերաշխավորեն, որ դատավորի անկախության վրա որևէ ազդեցություն չի կարող լինել:

Դատական սխալների ուղղումը պետք է հիմնված լինի բողոքարկման համապատասխան համակարգի վրա: Արդարադատության թերությունների շտկման ցանկացած այլ միջոց պետության դեմ է ուղղված:

Պատշաճ չէ դատավորին իր ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ ենթարկել անձնական պատասխանատվության, նույնիսկ պետության փոխհատուցման ճանապարհով, բացառությամբ իր պարտավորությունների չկատարման կանխամտածված դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 8. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 8.1. Վարձատրությունը

Որպեսզի ապահովվի դատավորի իրական տնտեսական անկախությունը և դրա ներքո նրա բարձր կոչումը, անկախությունն ու անկողմնակալությունը, դատավորը պետք է ստանա բավականաչափ վարձատրություն:

Դատավորի վարձատրությունը չպետք է կախված լինի նրա կատարած աշխատանքի արդյունքներից կամ նրա գործողություններից և չպետք է նվազեցվի նրա պաշտոնավարման ընթացքում:

Դատավորի վարձատրությանը վերաբերող կանոնները պետք է ամրագրված լինեն բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող օրենսդրական ակտերում:

Հոդված 8.2. Սոցիալական պաշտպանությունը

Խարտիան իրենց պրոֆեսիոնալ կարողությունների սահմաններում գործող դատավորների համար նախատեսում է երաշխիքներ ընդդեմ այն սոցիալական ռիսկերի, որոնք կապված են հիվանդության, մայրանալու, հաշմանդամության, ծերության և մահվան հետ:

Հոդված 8.3. Կենսաթոշակի անցնելը

Դատավորն իրավունք ունի կենսաթոշակի անցնել տարեկան վճարվող կամ նախապես որոշված ժամանակահատվածում վճարվող կենսաթոշակի տրամադրմամբ` կախված իր մասնագիտական աստիճանից:

Կենսաթոշակի անցնելուց հետո դատավորը կարող է իրականացնել այլ իրավական մասնագիտական գործունեություն, եթե այն էթիկայի տեսանկյունից անհամատեղելի չէ իր նախկին իրավական գործունեության հետ:

Նա չի կարող զրկվել իր կենսաթոշակից միայն այն հիմքով, որ իրականացնում է այլ մասնագիտական գործունեություն:

ՀՈԴՎԱԾ 9. ԽԱՐՏԻԱՅԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Հոդված 9.1. Կիրառելիությունը դատական գործառույթներ իրականացնող բոլոր անձանց նկատմամբ

Սույն Խարտիան կիրառելի է դատական գործառույթներ իրականացնող բոլոր անձանց, այդ թվում` ոչ պրոֆեսիոնալ դատավորների նկատմամբ:

Հոդված 9.2. Կիրառելիությունը դատախազությունում

Այն պետություններում, որտեղ դատախազության անդամները հավասարեցված են դատավորներին, վերոնշյալ սկզբունքները (mutatis mutandis) կիրառելի են նաև նրանց նկատմամբ:

Հոդված 9.3. Դատախազների անկախությունը

Դատախազների անկախությունը, որը կարևոր է օրենքի գերակայության տեսանկյունից, պետք է այնպես ամրագրված և երաշխավորված լինի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող օրենսդրական ակտերում, ինչպես դատավորների դեպքում է: