ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Հայաստանի Դատավորների Միություն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ PDF Print E-mail

2017 թվականի մայիսի 18-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ դատավորների միության անդամ, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը:

Համաժողովը նվիրված էր եվրոպական երկրներում դատական իշխանության անկախությանը վերաբերող հիմնահարցերին: Համաժողովին մասնակցեցին և բացման խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության դատավորների միության նախագահ Իոն Դրուցեն, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նշանակումների և աձեռնմխելիության խորհրդարանական իրավական կոմիտեի նախագահ Ռաիսա Ապոլսչիին, Մոլդովայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Միհայի Պոալելունգին, Դատավորների միջազգային միության նախագահ Քրիստոֆ Ռեգնարդը և Դատավորների եվրոպական միության նախագահ Խոսե Իգրեա Մաթոսը:

Համաժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև  Թուրքիայի դատական համակարգի վիճակին, այդ կապակցությամբ Դատավորների եվրոպական միության կողմից ձեռնարկված միջոցառումներին, այլ եվրոպական երկրների դատական համակարգին, դատավորի դերի ու հեղինակության բարձրացման կապակցությամբ «Դատավորի համաշխարհային (համընդհանուր) կանոնադրության» մշակման վերջնական աշխատանքներին առնչվող հարցեր, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր:

Որոշվեց Դատավորների եվրոպական միության հաջորդ` 2018թ. տարեկան համաժողովն անցկացնել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունները տեղադրված են www.iaj-uim.org կայքում: 

 
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ PDF Print E-mail

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը շարունակել է սույն թվականի ապրիլի 21-ին մեկնարկած աշխատանքները:

Օրակարգում էր նաև ՀՀ դատավորների միության նախագահի ընտրության հարցը:

Միության նախագահի պաշտոնում առաջադրված էին երկու թեկնածու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը և ՀՀ դատավորների միության անդամ Դավիթ Ավետիսյանը:

Տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Երվանդ Խունդկարյանը ստացել է 129 ձայն, Դավիթ Ավետիսյանը՝ 64 ձայն:

ՀՀ դատավորների միության նախագահ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

ՀՀ դատավորների միության խորհրդի անդամներ են ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արսեն Բաբայանը և ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նորա Կարապետյանը:

ՀՀ դատավորների միության Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ են ընտրվել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Էդիկ Ավետիսյանը, Գայանե Մազմանյանը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:


 

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 59-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ PDF Print E-mail

2016 թվականի հոկտեմբերի 16-20-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության տարեկան 59-րդ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը և գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:

Համաժողովի մասին մանրամասն կներկայացնենք հաջորդիվ:

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ PDF Print E-mail

2017 թվականի ապրիլի 28-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային համաժողով, որը կազմակերպվել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Եվրոպայի խորհրդի և Վրաստանի դատավորների միության աջակցությամբ: Համաժողովին մասնակցել է ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:

Ամենամյա համաժողովը նվիրված էր դատավորների գործունեության գնահատմանը, հաշտարարության ինստիտուտին և անչափահասների գործերով արդարադատությանը վերաբերող հիմնահարցերին: Զեկույցներով հանդես են եկել պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Էստոնիայից: Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը և ներկայացրել հաշտարարության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում:

Համաժողովի շրջանակներում Իրավական փոխօգնության և համագործակցության հուշագրի կողմերը՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Մոլդովայի դատավորների միությունների լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև Գերմանիայի դատավորների միության ներկայացուցիչը՝ որպես խորհրդատու, Ադրբեջանի դատավորների միության ներկայացուցիչը՝ որպես դիտորդ, ընդունեցին Լիտվայի դատավորների միության նախագահ Ռամունաս Գադլյաուսկասի առաջարկն այն մասին, որ Լիտվայի դատավորների միությունը դիտորդի կարգավիճակով մասնակցի հուշագրի կողմերի հետագա ամենամյա հանդիպումներին: Բացի այդ, որոշվել է 2018թ. 9-րդ ամենամյա հանդիպումն անցկացնել Ղազախստանում, իսկ 2019թ. 10-րդ ամենամյա հանդիպումը՝ Գերմանիայում, ինչպես նաև  հուշագրի կողմերի համար սահմանվել է 300 եվրոյի չափով ամենամյա անդամաճար: Վրաստանի դատավորների միությանը տրվել է ժամկետ մինչև 2017թ. հունիսի 1-ն ապահովել Իրավական փոխօգնության և համագործակցության հուշագրի կողմերի էլեկտրոնային կայքի թարմացումը:

 
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ PDF Print E-mail

2017թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը: Ընտրվեցին Միության 2 փոխնախագահներ, խորհրդի 10 անդամներից 6-ը և վերահսկիչ հանձնաժողովի 3 անդամներ: Միության նախագահի թեկնածուներից Հրաչիկ Սարգսյանը ստացավ 105 ձայն, իսկ Արսեն Մկրտչյանը՝ 84 ձայն: Միության Կանոնադրության դրույթներին համապատասխան Միության նախագահի և խորհրդի 4 անդամների ընտրությունները հայտարարվեցին չկայացած և հետաձգվեցին:

Ստորև ներկայացվում է 2013-2016թթ. ՀՀ դատավորների միության կատարած աշխատանքների վերաբերյալ ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանի հաշվետու զեկույցը.

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԶԵԿՈՒՅՑ

Հարգելի´ գործընկերներ,

Մինչև բուն ելույթիս անդրադառնալը նշեմ, որ այս տարի լրանում է §ՀՀ դատավորների միություն¦ հասարակական կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, որի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, ցանկանալ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Թեև հաշվետվությունը վերաբերում է դատավորների միության վերջին տարիների աշխատանքին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ ավելի քան 2 տասնամյակի գործունեության ընթացքում ձգտել ենք աշխատել արդյունավետ, քաղել ենք որոշակի դասեր, արել հետևություններ և կարծում եմ ժամանակն է գնահատելու ներկան և կանխորոշել հետագա անելիքները:

Այս ընթացքում ՀՀ դատավորների միությունն անմասն չմնաց դատական համակարգի մարտահրավերներից, իսկ անցումային այդ ժամանակաշրջանում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, սահմանադրական, օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները նորանոր խնդիրներ են առաջադրում:

Նշեմ, որ հաշվետու ժամանակահատվածում ոչ միայն ավելացել են ՀՀ դատավորների միության անդամների քանակը, այլ նաև սահուն սերնդափոխության արդյունքում երիտասարդացվել է անդամների կազմը, ինչը ենթադրում է դատական համակարգի առավել ակտիվ ու պահանջկոտ գործունեություն:

ՀՀ դատավորների միությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը և կանոնադրական նպատակներին, իր գործունեությունն իրականացրել է երկու հիմնական ուղղություններով. մի կողմից աջակցել է դատավորների մասնագիտական պատրաստվածությանը, գիտելիքների ու փորձի բարձրացմանը, մյուս կողմից` դատավորի դերի, հեղինակության և դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը: Թերևս սրանով է պայմանավորված հաշվետու ժամանակահատվածում Միության կողմից իրականացված միջոցառումների  ու ծրագրերի շրջանակը: Այս նպատակով միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ պատրաստվել և հրատարակվել են բազմաթիվ ձեռնարկներ ու աշխատանքներ, որոնք անվճար տրամադրվել են բոլոր դատավորներին, ինչպես նաև իրականացվել են ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի և առանձին հարցերի վերաբերյալ փորձագիտական աշխատանքներ, որոշ դեպքերում նաև ստացվել են միջազգային փորձագետների կարծիքներ, մասնավորապես` դատավորների աշխատավարձի, կենսաթոշակի և այլ հարցերի վերաբերյալ:

Անշուշտ, կատարված աշխատանքները բազմաթիվ են, դրանց բոլորին անդրադառնալը ժամանակի առումով նպատակահարմար չէ, ուստի նշեմ միայն դրանցից հիմնականները:

Խոսելով Միության անցած տարիների ընթացքում իրականացրած գործունեության մասին` կցանկանայի հատուկ կանգ առնել հաշվետու ժամանակահատվածում Միության կողմից հրատարակված աշխատություններին: Դրանք հիմնականում հրատարակվում են տարբեր միջազգային կառույցների հովանավորությամբ: Միության կողմից տպագրվող գրականության շարքն ինքնանպատակ չէ, այն բխում է Միության կանոնադրական խնդիրներից: Հրատարակված գրականության մի մասն ուղղված է Միության անդամների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, իսկ մյուսըª հասարակության լայն շրջանակներինª նպատակ ունենալով ոչ միայն բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը, այլ նաև նպաստել դատավորի դերի և դատարանի հեղինակության բարձրացմանը:

Դրանցից հատկապես ցանկանում եմ նշել հետևյալները. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում հրատարակված §Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական և գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները¦, §Քրեական գործերով իրավական օգնության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում¦ աշխատանքները, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների 3 հատորները և այլն:

Բացի դրանից, վերջին տարիներին կայուն համագործակցություն է ծավալվել Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի հետ: Այս կապակցությամբ անհրաժեշտ է առանձնացնել Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) §ՀՀ-ում ապաստանի տրամադրման համակարգի որակի բարելավում. Դատական համակարգում ներգրավվածության ռազմավարություն¦ ծրագրի և §Առաքելություն Հայաստան¦ բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հրատարակված §Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածու¦-ի 10-րդ հատորը, ինչպես նաև §Հանձնման (էքստրադիցիայի) ինստիտուտի միջազգային իրավական և ներպետական հիմնախնդիրները¦ գիտագործնական վերլուծությունը:

ԵՀԽ (Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ շարունակական համագործակցության արդյունքում տպագրվել է §Արհմիությունները որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության եղանակ¦ գիրքը և այլն:

Միությունը տպագրում է նաև իր սեփական պարբերականը` §Դատական իշխանություն¦ ամսագիրը, որը ևս լրացուցիչ հնարավորություն է տալիս մեր դատավորներին ու դատական ծառայողներին հրապարակումներով հանդես գալու, ինչպես նաև դատական համակարգի վերջին նորություններին և վերջապես ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին ծանոթանալու համար:

Ողջունելի է այն փաստը, որ ամսագրի էջերում առավել ակտիվ հանդես են գալիս ՀՀ դատական ծառայողները, իսկ Միության անդամներն այս հարցում պասիվ են: Ուստի կոչ եմ անում Միության անդամներին ևս ակտիվություն ցուցաբերեն և ամսագրում հանդես գան իրենց գիտական հրապարակումներով:

Թվարկածս և մնացած բոլոր աշխատանքներն անվճար տրամադրվել են բոլոր դատավորներին և դատական ծառայողներին, փաստաբաններին, դատախազությանը, քննչական մարմիններին, իրավաբանական բուհերի ուսանողներին և այլն: Այդ կապակցությամբ շնորհակալագրեր ենք ստացել ՀՀ փաստաբանների պալատից, ՀՀ փաստաբանական դպրոցից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ քննչական կոմիտեից և այլ կառույցներից, ինչպես նաև անհատ քաղաքացիներից: Բացի դրանից, ամսագիրն ամբողջությամբ, ինչպես նաև հրատարակվող բոլոր գրքերը էլեկտրոնային տարբերակով տեղադրվում են Միության պաշտոնական ինտերնետային կայքէջում www.datavor.am (www.judge.am): Կատարված աշխատանքների արդյունքում Միության պաշտոնական ինտերնետային կայքէջից օգտվողների քանակը էապես ավելացել է, ինչը վկայում է դատական համակարգի գործունեության առավել լայն իրազեկման մասին: Այն միաժամանակ հնարավորություն է տալիս ոչ միայն ներբեռնել վերը թվարկված աշխատություններն ու §Դատական իշխանություն¦ ամսագիրը, այլև հնարավորություն է տալիս իրազեկվել տարածաշրջանային դատաիրավական և այլ կարևոր նորություններին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ միայն վերջին տասնհինգ տարիների ընթացքում Միության կողմից հրատարակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 300 անուն գրականություն, որը, կարծում եմ, լուրջ ներդրում է հայրենական դատաիրավական մտքի և մասնագիտական գրադարանային ֆոնդի զարգացման գործում:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ դատավորների միությունն իր անդամների համար և նրանց անունից իրականացրել  է որոշակի կազմակերպական միջոցառումներ, մասնավորապես նախորդ տարի ապրիլյան պատերազմից հետո դատավորների շրջանում կազմակերպված դրամահավաքի արդյունքում կատարվել է 6,484,000 ՀՀ դրամի հանգանակություն:

Սոցիալական երաշխիքների բացակայության պայմաններում Միությունը ստիպված է եղել դատավորների կարիքների համար կազմակերպել դրամահավաք:

Միության անդամներ Արմեն Վարդապետյանի, Նապոլեոն Օհանյանի, Լևոն Ավետիսյանի, Արիստակես Սիսակյանի բուժման համար նույնպես կազմակերպվել է դրամահավաք:

Շարունակվել է համագործակցությունը HELP ծրագրի հետ: Դատավորների միությունն էական աջակցություն է ցուցաբերել HELP ինտերնետային կայքի հայաստանյան էջի պատրաստմանն ու դրա կատարելագործմանը:

Խոսելով ձեռքբերումների մասին` հարկ եմ համարում նշել 2013 թվականին ՀՀ դատավորների միության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև կնքված հուշագրի մասին, որի շրջանակներում Դատավորների միության կողմից 2002 թվականից սկսած թարգմանված բոլոր ՄԻԵԴ որոշումները տեղակայվել են ՄԻԵԴ-ի HUDOC տեղեկատվական-որոնողական ցանցում, որը հասանելի է բոլորի համար:

Կարևոր իրադարձություններից է 2014 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովը` §Դատական համակարգի անկախության արդի հիմնախնդիրները¦ թեմայով Հայաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Լեհաստանի և Ուկրաինայի դատավորների միությունների միջև կնքված բազմակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում: Գիտաժողովին մասնակցեցին դատավորներ վերոնշյալ երկրներից, ինչպես նաև հյուրեր միջազգային և այլ կառույցներից: Գիտաժողովին մասնակցեցին նաև Միության 50-ից ավելի անդամներ, ելույթով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Ելիզավետա Դանիելյանը և Համլետ Ասատրյանը:

2015թ. տեղի ունեցած իրադարձություններից կարևորվում է Մոլդովայում տեղի ունեցած §Վարչական դատավարության իրավասությունը` որպես իրավունքի գերակայության գործիք¦ թեմայով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և Մոլդովայի դատավորների միության հետ համատեղ:

2015թ. հատկանշական էր նաև Ստոկհոլմում տեղի ունեցած ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) §Ապաստանի համակարգերի որակի բարելավման նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում¦ ծրագրի 2-րդ փուլի 1-ին տարածաշրջանային համաժողովը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ապաստանի հարցերով լիազոր մարմիններին, սահմանապահ ծառայություններին և դատարաններին` տարածաշրջանում գործող ապաստանի համակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում: Համաժողովին  մասնակցել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, որով հիմք է դրվել ՀՀ վարչական դատարանի և ՄԱԿ-ի համագործակցությանը:

Անդրադառնալով բացթողումներին` հարկ եմ համարում նշել, որ Միությունը, ունենալով բազմաթիվ միջազգային կապեր, այսօր դրանք լիարժեք չի օգտագործում: Խոսքը իրավական փոխօգնության, ինչպես նաև իրավական տեղեկատվության ձեռքբերման մասին է, որը ներկայիս համագործակցության շրջանակներում կարող է առավել շահավետ օգտագործվել: Մասնավորապես տարբեր երկրներից մենք ավելի շատ ստանում ենք դիմումներ ու հարցումներ, քան ուղարկում ենք նրանց: Այս կապակցությամբ ցանկանում եմ շեշտել, որ ցանկացած խնդրի առնչությամբ անհրաժեշտ իրավական օգնություն ստանալու համար ակնկալվում է Միության անդամների ակտիվ նախաձեռնությունը:

Ինչպես հայտնի է, ՀՀ դատավորների միությունը կանոնավոր մասնակցություն է ունենում Դատավորների միջազգային միության և Դատավորների եվրոպական միության ամենամյա համաժողովներին, որոնց մասնակցությունը ՀՀ դատավորների միության` որպես այդ միջազգային կառույցների անդամի, ոչ միայն կանոնադրական պարտականությունն է, այլ նաև դրանով փորձում ենք հետ չմնալ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներից: Այդ հանդիպումներին մասնակցությունն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելուն, փորձագիտական կարծիքներ ստանալուն: Յուրաքանչյուր դեպքում մեր մասնակցությունն օգտագործում ենք որպես առիթ հարցումների կամ օրակարգային հարցերի քննարկումների կազմակերպման ձևերով մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:

Մասնավորապես Միության կողմից օրակարգային քննարկումներ և հարցադրումներ են ներկայացվել դատավորի աշխատավարձի և կենսաթոշակի նվազեցման անթույլատրելիության վերաբերյալ` եվրոպական մոտեցումների ու չափանիշների պահպանմամբ:  Հարցման արդյունքները ներկայացվել են օրենքի նախագծի վրա աշխատող աշխատանքային խմբի անդամներին: Բացի դրանից, փորձագիտական կարծիքներ ենք ստացել մի շարք օրենքների, մասնավորապես §Արդարադատության ակադեմիայի մասին¦ ՀՀ օրենքի, ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ, որով առաջարկել ենք ընդլայնել դատավորների ներկայությունն Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում: Ներկայումս ակտիվորեն ներգրավված ենք §Դատավորի համաշխարհային /համընդհանուր/ կանոնադրության¦ մշակման աշխատանքներին, որը կներկայացվի ՀՀ իրավասու մարմիններին: Բացի դրանից,  ներկայումս հրատապ խնդիր է §Դատավորի վարքագծի կանոնագրքի¦ և դրա մեկնաբանությունների տեքստի վերամշակումը ՀՀ սահմանադրության և նոր ընդունվող ՀՀ դատական օրենսգրքի նախագծի դրույթների համատեքստում:

Քիչ չեն եղել դեպքերը, երբ առանձին իրավական հարցերով դիմել և օժանդակություն ենք ստացել ինչպես Միջազգային միությունից, այնպես էլ Իրավական փոխօգնության հուշագիրը կնքած անդամ երկրներից: Մենք նույնպես ստացել ենք բազմաթիվ հարցումներ նրանցից և համապատասխանաբար արձագանքել ենք դրանց:

Հույս ունենք, որ շուտով նկատելի կլինեն դրանց արդյունքները:

Երբեմն թյուր կարծիք կա, թե դատավորների միությունը կազմակերպում է գործուղումներ, սակայն իրականում դա այդպես չէ: Որևէ գործուղում դատավորների միությունը չի կազմակերպել: Այցելությունները կազմակերպվում են միայն Դատավորների միջազգային միության համաժողովներին մասնակցելու համար, այն էլ` միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ: Պետք է նաև նշեմ, որ վերջին տարիներին, պայմանավորված Արդարադատության ակադեմիայի ստեղծմամբ, ուսուցողական և այլ բնույթի ծրագրեր միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ դատավորների միության համար չեն կազմակերպվում, իսկ կատարվող մեկ-երկու ծրագրերն արդյունք են մեծ ջանքերի, երբեմն նաև անձնական կապերի: Ուստի այս առումով ևս խնդրում և կոչ ենք անում Միության անդամներին օգտագործել բոլոր հնարավորությունները միջազգային ծրագրերին ներգրավվելու համար:

Ցավով պետք է նշեմ, որ լուրջ խնդիրներ կան սոցիալական ապահովության բնագավառում: Մեզ համար անհասկանալի պատճառներով օրենսդրությամբ դատավորներին չի տրամադրվում սոցիալական փաթեթներ: Այս կապակցությամբ միությունը բարձրաձայնել է խնդիրը, նախաձեռնել է որոշակի քայլեր և ակնկալում ենք Միության անդամների ակտիվ մասնակցությունը:

Միաժամանակ գոհացնող չէ Միության աշխատանքը դատարանների և դատավորների նկատմամբ վստահությունը բարձրացնելու, հանրային ընկալումն օբյեկտիվ չափանիշների հասցնելու ուղղությամբ:

Թերի է աշխատանքը մամուլի և հասարակության հետ: Այդ ուղղությամբ թեև մշտապես աշխատանքներ են տարվել, սակայն գտնում եմ, որ Միության այդ բնագավառները սպասարկող բաժինները թերացել են:

Թերացումներ են նկատվում նաև սոցիալական երաշխիքների (կենսաթոշակների ու աշխատավարձերի մասով) հետ տարվող աշխատանքներում, ինչպես նաև «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական աշխատանքների կազմակերպման գործում:

Փորձեր են արվել Դատական իշխանության կառավարման մարմիններում Միության ներգրավվածությունն ավելացնելու համար, սակայն դրական տեղաշարժեր դեռևս չկան:

Ամփոփելով՝ նշեմ, որ ժամանակի հրամայականով պայմանավորված, ինչպես նաև քսանամյա փորձը նկատի ունենալով, ակնկալում ենք տարբեր ուղղություններով առավել ինտենսիվ և պահանջկոտ աշխատանքներ ու նախաձեռնություններ Միության բոլոր անդամներից, հատկապես նոր ձևավորվող կառավարման մարմինների անդամներից:

 

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 2 of 34