|
Ապրիլի 23-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում տեղի ունեցան ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ դատավորների միության 2008-2010 թվականների հաշվետու ընտրական ժողովը: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում սահմանվեցին "Դատավորի վարքագծի կանոնները" և քննարկվեցին կազմակերպական բնույթի հարցեր: ՀՀ դատավորների միոթյան հաշվետու ընտրական ժողովի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` 1. 2008-2010թթ. ՀՀ դատավորների միության կատարած աշխատանքների մասին հաշվետվություն. 2. ՀՀ դատավորների միության վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվություն. 3. ՀՀ դատավորների միության նախագահի, փոխնախագահի, խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն. 4. ընթացիկ այլ հարցերի քննարկում:
ՀՀ դատավորների միության նախագահ Հ.Սարգսյանն իր հաշվետու ընտրական զեկույցում անդրադարձավ միության կատարած գործունեությանը 2008-2010 թվականների ընթացքում, կատարած և կատարվելիք աշխատանքներին, ձեռքբերումներին, ինչպես նաև միության առջև ծառացած խնդիրներին: Հ.Սարգսյանի ելույթին հետևեց ՀՀ դատավորների միության նախագահի, փոխնախագահի, խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ դատավորների միության նախագահ վերընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Փոխնախագահ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: ՀՀ դատավորների միության խորհրդի անդամներ ընտրվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, ՀՀ վարչական դատարանի դատավորներ Կարեն Մաթևոսյանը և Ռուզաննա Հակոբյանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հակոբյանը,Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը: Վերահսկիչ հանձնաժողովի կազմում ընտրվեցին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը (նախագահ), ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը:
|