|
Փետրվարի 27-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրում է Արդարադատության խորհրդի ինը դատավորների։ Սույն թվականի փետրվարի 26-ին լրացել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը, ուստի Խորհրդի կազմը համալրելու նպատակով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում գաղտնի քվեարկությամբ Արդարադատության խորհրդի անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Կարինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։ Դատավորների ընդհանուր ժողովը 2009 թվականի փետրվարի 19-ին որոշում ընդունեց սահմանել "Տարվա լավագույն դատավոր" մրցանակը:
Ի կատարումն այդ որոշման` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն իր 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ սահմանեց այդ մրցանակը շնորհելու չափորոշիչները: Ինչպես նաև խորհուրդը որոշեց հաղթող թեկնածուներին ժողովին ներկայացնելու համար ընտրել երկու հանձնաժողով` քրեական և քաղաքացիական գործերով: Քրեական հանձնաժողովի անդամներ են ընտրվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների նախագահներ Մ.Խաչատրյանը, Ս.Կոստանյանը, Ս.Ուզունյանը, Ս.Մնոյանը, Հ.Սարգսյանը: Հաղթողին որոշելու համար ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանվել են հետևյալ չափորոշիչները` 1. քննվող գործերի քանակը, 2. բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը, 3. գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, 4. դատավորների վերապատրաստմանն ուղղված դասընթացներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցությունը, 5. կարգապահությունը, 6. դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները, 7. դատավորի մասին մամուլի հիմնավորված հրապարակումները, 8. ՀՀ արդարադատության խորհրդում և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովում վարույթների հարուցումը և դրանց ընթացքը, 9. կոլեկտիվի վերաբերմունքը դատավորի նկատմամբ, 10. դատավորի հեղինակությունը:
Սույն թվականի փետրվարի 27-ին կայացած դատավորների Ընդհանուր ժողովի նիստում նշված հանձնաժողովները ներկայացրեցին հետևյալ թեկնածությունները, որոնք էլ արժանացան Ընդհանուր ժողովի հավանությանը. «Տարվա լավագույն դատավոր» 1. Երևան քաղաքի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանների քրեական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: 2. Երևան քաղաքի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանների քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: 3. ՀՀ մարզերի դատարանների քրեական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: 4. ՀՀ մարզերի դատարանների քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Նշենք, որ "Տարվա լավագույն դատավոր" անվանակարգում մրցանակային տեղի համար հավակնել են նաև ՀՀ վարչական դատարանի դատավորներ Ռոբերտ Սարգսյանը և Կարինե Բաղդասարյանը, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը և Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ովքեր նույնպես ունեցել են բարձր ցուցանիշներ: «Տարվա լավագույն դատարան 1. Երևան քաղաքի վարչական շրջանների առաջին ատյանի դատարաններից «Տարվա լավագույն դատարան» ճանաչվեց Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, 2. ՀՀ մարզերի դատարաններից «Տարվա լավագույն դատարան» ճանաչվեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը։ «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» մրցանակների շնորհման համար հիմք են հանդիսացել ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները, դատավորների գործունեության վերաբերյալ տեղեկանքները, դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկանքները՝ հաշվի առնելով քննված գործերի քանակը, բողոքարկված և բեկանված ակտերի քանակը, դատավարական ժամկետները։  Ընդհանուր ժողովում քննարկվեցին նաև կազմակերպական բնույթի հարցեր։ “Դատական իշխանությունը” փորձեց պարզել լավագույն դատավոր և լավագույն դատարան ճանաչված դատարանների նախագահներից նրանց զգացումներն ու ընդհանրապես վերաբերմունքն այս կապակցությամբ: Գոհարիկ Խաչատրյան. “Շատ զգացված եմ: Բոլորովին չէի սպասում, բայց շատ հաճելի էր: Գնահատված լինելու բերկրանք եմ զգում: Մյուս դատավորներին ևս մաղթում եմ արժանանալ նման գնահատանքի”: Նաիրա Մարգարյան. “Ես միշտ աշխատել եմ պարտքի մեծ զգացումով, պատասխանատվությամբ: Ինձ համար մեծ անակնկալ էր: Սակայն այս մրցանակն ստանալուց հետո դարձել եմ ավելի պատասխանատու, առավել հետևողական աշխատանքային իմ գործունեության նկատմամբ: Գործընկերներիս մաղթում եմ արժանանան նման մրցանակների, կոչումների, խրախուսանքների մրցակցությունն ավելացնելու համար”: Միքայել Գրիգորյան. “Մրցանակը ցանկացած դատավորի համար մասնագիտական գիտելիքների, փորձի և հեղինակության ճանաչումն է, որը ոչ միայն պատվաբեր է, այլև պարտավորեցնող: Կաշխատեմ հետագայում ևս գիտելիքներս նվիրել արդարադատությանը ”: Մուշեղ Հարությունյան. “Պարտավորեցնող մրցանակ էր: Նման մրցանակ ստանալով` յուրաքանչյուրն էլ իրեն լավ կզգար: Բոլոր դատավորներին հաջողություն եմ մաղթում ”: Մհեր Խաչատրյան. “Դրական եմ համարում այս ինստիտուտի ներդրումը: Մյուս դատավորներին ևս կմաղթեմ, որ իրենք ևս շահեն նման մրցանակ: Սա շատ կարևոր միջոցառում եմ համարում, որովհետև բարձրացնում է դատավորի պատասխանատվությունը”: Գագիկ Սարգսյան. “Շատ ուրախ եմ, զգացված եմ: Պետք է շեշտեմ, որ լավագույն դատարան ճանաչվելու համար պետք է կոլեկտիվ աշխատանքային գործունեություն, մեկը մյուսին լսելու և խորհրդակցելու կարողություն: Գործընկերներիս մաղթում եմ արժանանալ նմանատիպ մրցանակների ”: |