ՀՀ Դատավորների Միություն

Newsflash

"Դատական իշխանություն" գիտամեթոդական ամսագրի հուլիս-օգոստոս ամիսների միացյալ համարը կարող եք բեռնել` այցելելով  "Դատական իշխանություն" բաժին:

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ PDF Print E-mail
ՀՀ դատավորների միությունը, ունենալով սեփական պարբերականը, հնարավորություն է ունեցել լուսաբանելու ՀՀ դատավորների միության կատարած աշխատանքները, հրատարակած գրականությունը, կազմակերպած սեմինար-քննարկումները և անշուշտ` բազմաթիվ այլ նախաձեռնություններ ու ծրագրեր:
Սակայն այսօր ուզում ենք անձամբ ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՑ լսել "ՀՀ դատավորների միություն" հասարակական կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած և սպասվող աշխատանքների մասին:

- Պարոն Ենգիբարյան, ավելի քան տասը տարի Դուք հանդիսանում եք ՀՀ դատավորների միության գործադիր տնօրենը: Այս տարիների ընթացքում միության կառուցվածքում ինչպիսի փոփոխություններ են կատարվել, ինչ ձեռքբերումներ, առաջխաղացումներ է ունեցել միությունը:
- Ինչպես նկատեցիք, իսկապես, երկար տարիներ` արդեն մեկ տասնամյակ, աշխատում եմ ՀՀ դատավորների միությունում, որն ինձ համար դարձել է հարազատ աշխատատեղ: Եվ այս տարիների ընթացքում փոփոխությունները բազմաթիվ են եղել, որոնց մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք, ուստի կցանկանայի ավելի շատ Ձեր ուշադրությունը հրավիրել միության հատկապես վերջին ժամանակահատվածի, մասնավորապես` վերջին երկու տարիների գործունեությանն ու ձեռքբերումներին:
 Ինչպես գիտեք, հիմնադրումից հետո երկար ժամանակ միությունը չուներ իր գրասենյակը, համապատասխան գրասենյակային տեխնիկան և այլն, հետևաբար նման պայմաններում չէր կարող ունենալ նաև մշտական աշխատակազմ և ապահովել միության ընթացիկ աշխատանքների բնականոն իրականացումը: Այնուամենայնիվ, սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ 1997 թվականից կարողանում ենք պարբերաբար տպագրել գիտամեթոդական ամսագիրը, որն սկզբում անվանվում էր "Օրինաթերթ", այնուհետև 2004 թվականից վերանվանվեց "Դատական իշխանություն": Ամսագիրը 2004 թվականից գրանցվեց նաև թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում: Եթե նկատել եք, ամսագրում ունենք մշտական խորագրեր իրավունքի տարբեր ճյուղերով: Գիտական հոդվածների հեղինակներն անդրադառնում են իրավունքի տարբեր ոլորտների հիմնախնդիրներին, օրենսդրական բացթողումներին և լուծում պահանջող խնդրահարույց իրողություններին: Բացի դրանից, ամսագրում ներկայացվում է առանձին բաժին "Դատական պրակտիկա" խորագրով, որտեղ մենք, թերևս, առաջին անգամ հանրապետությունում տպագիր մամուլի միջոցով հանրությանն ենք ներկայացնում ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշումները` դրանով իսկ նպաստելով մի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի լուսաբանմանը, իսկ մյուս կողմից` լրացուցիչ հնարավորություն ընձեռելով ՀՀ բոլոր ատյանի դատավորներին ծանոթանալ այդ որոշումներին և դրանք կիրառել իրենց իրավակիրառ պրակտիկայում:
Ամսագիրն անվճար տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներին, փաստաբաններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետին և այլ պետական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին:
Պետք է շեշտեմ, որ հատկապես վերջին տարիների ընթացքում ամսագրի էջերում կարող եք հանդիպել ոչ միայն հայ գիտնական իրավաբանների հրապարակումներին, այլ նաև օտարերկրյա, մասնավորապես, ռուս ականավոր գիտնականների, եվրոպական տարբեր երկրների դատավորների գիտական աշխատանքներին:
Արդեն ավանդույթ է դարձել նաև ամսագրի էջերում ՀՀ դատավորների հոբելյանական տարեդարձներին, շնորհավորանքներին անդրադառնալը: 
Առաջիկայում ՀՀ դատավորների միությունը նպատակ ունի "Դատական իշխանություն" ամսագիրը ներկայացնել Բարձրագույն որակավորման հանձնաժողովին դոկտորական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ցանկում ընդգրկելու համար:
- Իսկ ինչ կասեք միության վերջին տարիների ձեռբերումների մասին:
- ՀՀ դատավորների միությունն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով քայլեր է ձեռնարկում դատավորների մասնագիտական գիտելիքների մակարդակը բարձր պահելու և դրանք խորացնելու ուղղությամբ և այլն: Այս առումով միությունը վերջին երկու տարիների ընթացքում տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում հրատարակել է բազմաթիվ աշխատանքներ տարբեր թեմաներով: Դրանցից հիմնականը նշեմ` "Կրթության իրավունք", "Դավանանքի իրավունք", "Արդարադատության մատչելիություն", "Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն բառարան", "Մտքի, խղճի և կրոնի ազատություն", "Սեփականության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում", "Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածու"-ի հինգերորդ և վեցերորդ հատորները, "Եկեղեցի, պետություն և հասարակություն", "Դատարան և արդարադատություն", "Մարդու իրավունքների ձեռնարկ դատախազների համար", "Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովի հուշագիրքը"` անգլերեն և հայերեն լեզուներով, "Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան և քրեական դատավարությունը", "Վատ վերաբերմունքի դեմ պայքարը և ՀՀ դատական պրակտիկան" և այլ աշխատանքներ, որոնք անվճար տրամադրվել են ՀՀ բոլոր դատավորներին, փաստաբաններին, դատական ծառայողներին, իրավաբանական բուհերի ուսանողներին: Հարկ եմ համարում ընդգծել, որ վերջին տասը տարիների ընթացքում միության կողմից հրատարակվել է ավելի քան 150 անուն գրականություն, որը, կարծում եմ, լուրջ ներդրում է հայրենական իրավական մտքի և մասնագիտական գրադարանային ֆոնդի զարգացման գործում:
Բացի վերը թվարկվածներից, նշված ժամանակահատվածում միությունը Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպել է նաև տարբեր թեմաներով ուսուցողական սեմինարներ` նվիրված Եվրոպական կոնվենցիայի և դրա ներպետական կիրառման, Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիմնախնդիրներին, ինչպես նաև այլ թեմաներով:
Փաստեմ, որ միության համար վերջին տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել նաև անդամների վաստակի գնահատումը և մեծարումը: Այս նպատակով կազմակերպվում են մեծարանքի ցերեկույթներ վաստակաշատ, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի հասած դատավորների համար:
Ավանդույթների շարքում նշեմ նաև տոների, Ամանորի և այլ հանդիսավոր միջոցառումների ամենամյա կազմակերպումը և այլն:
Նորույթների շարքում կցանկանայի անդրադառնալ նաև միության ինտերներտային կայքէջի բացմանը` http://www. judge.am և http://www.datavor.am/ հասցեներով, որտեղ այցելելով` ցանկացողները կարող են մանրամասն ծանոթանալ միության գործունեության մանրամասներին, կատարված աշխատանքներին, նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև օգտվել հրապարակումներից և այլն: Բացի դրանից, այն հնարավորություն է ընձեռում կապ հաստատել օտարերկրյա համանման դատական կառույցների ու դատավորների հետ:
Հիրավի, միության վերջին տարիների ձեռբերումներն ավելին են: Ես հնարավորինս անդրադարձա հիմնականին:
- Ներկայացրեք խնդրեմ ՀՀ դատավորների միության միջազգային գործունեության մասին:
- Այս առումով նախ և առաջ կցանկանայի նշել, որ շուրջ հինգ տարի տևած բանակցությունների արդյունքում վերջապես 2005 թվականին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովում ՀՀ դատավորների միությունն անդամագրվեց Դատավորների միջազգային միությանը` արտակարգ անդամի կարգավիճակով, այսպիսով դառնալով այդ կառույցի 68-րդ անդամը: Շեշտեմ, որ ընդամենը երկու տարի անց, 2007 թվա­կա­նին Նոր­վե­գի­ա­յում կա­յա­ցած Դա­տա­վոր­նե­րի մի­ջազ­գա­յին մի­ու­թյան տա­րե­կան և այս ան­գամ ար­դեն հո­բել­յա­նա­կան 50-րդ հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում մեր պատվիրակության անկոտրում ջանքերի շնորհիվ ժողովում որոշ­վեց հա­ջորդ` 51-րդ հա­մա­ժո­ղովն անց­կաց­նել Հա­յաս­տա­նում: Այդ ժամանակ ՀՀ դա­տա­վոր­նե­րի մի­ու­թյան հետ մեկ­տեղ որ­պես թեկ­նա­ծու կող­մեր առա­ջադր­ված էին Իս­պա­նի­ա­յի, Ռու­մի­նի­ա­յի, Ղա­զախս­տա­նի և Մա­րոկ­կո­յի դա­տա­վոր­նե­րի մի­ու­թյուն­նե­րը: Սա­կայն տե­ղի ու­նե­ցած փակ գաղտ­նի քվե­ար­կու­թյան արդ­յուն­քում ձայ­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյամբ ՀՀ դա­տա­վոր­նե­րի մի­ու­թյան առա­ջար­կը` Դա­տա­վոր­նե­րի մի­ջազ­գա­յին մի­ու­թյան 51-րդ տա­րե­կան հա­մա­ժո­ղո­վը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­նե­լու կա­պակ­ցու­թյամբ, ըն­դուն­վեց: Ընդ որում, անդամակցելուց հետո նման կարճ ժամանակահատվածում որպես հրավիրող երկիր հանդես գալը Դատավորների միջազգային միության ավելի քան կեսդարյա պրակտիկայում աննախադեպ երևույթ էր:
2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում, առաջին անգամ տարածաշրջանում և ԱՊՀ տարածքում, տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն` Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էին 52 երկրներից ժամանած, ավելի քան 200 պատվիրակ: 
Դատավորների միջազգային միության համաժողովները հարմար հարթակներ են աշխարհի տարբեր երկրների դատական իշխանությունների ներկայացուցիչների համար մասնագիտական շփումներ ունենալու և արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ երաշխավորություններ ընդունելու համար: Միության տարեկան 51-րդ համաժողովում քննարկման թեմաներն էին դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից, դատավորի կարգապահական պատասխանատվությունը (մասնավորապես` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից) և այլ հարցեր: Համաժողովի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ` ստանալով քվեարկելու ձայնի իրավունք: ՀՀ դատավորների միությունը հանդիսանում է նաև Եվրոպական դատավորների միության լիիրավ անդամ:
Նշեմ, որ համաժողովի շրջանակներում պատվիրակներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, Զվարթնոց տաճարում, Էջմիածնում, Էջմիածնի թանգարանում, ընդունելության արժանացան Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից: Եղան Ախթամար թերակղզում:
Բացի դրանից, ներկայում միությունը համագործակցում է արտերկրյա համանման բազմաթիվ կառույցների հետ, արդեն ստորագրվել են տասնյակից ավելի համագործակցության արձանագրություններ ու հուշագրեր: Շատ մոտ ապագայում դրանք կյանքի կկոչվեն, և արդյունքները  նկատելի կլինեն:
- Պարոն Ենգիբարյան, Դուք միաժամանակ դասավանդում եք Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` զբաղեցնելով ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնը: Ինչպես է այն ազդում միության գործունեության  վրա:
- Ինքնատիպ չեմ լինի, եթե ասեմ, որ միշտ էլ գիտության հետ որևէ բնագավառում ցանկացած աշխատանքի համատեղումը միայն օգուտ կարող է տալ, առավել ևս, երբ այն զուգակցված է կրթության, դասավանդման պրոցեսի հետ: Եթե ուշադրություն դարձնեք միության կողմից հրատարակվող աշխատանքներին, ապա կնկատեք, որ ամեն անգամ փորձում ենք դատական համակարգի հիմնախնդիրները ներկայացնել գիտության լույսի ներքո` գիտական վերլուծությունների և ուսումնասիրությունների տեսքով, ինչպես նաև միջոցներ ենք ձեռնարկում ամսագրի էջերում` իրավագիտության տարբեր ճյուղերի ձեռբերումների հնարավորինս լայն ներկայացման ուղղությամբ, որոնք էլ, անկասկած, իրենց արդյունքները զգալ են տալիս:
- Ինչ ակնկալիքներ ունեք հաջորդ` 2010 թվականից:
-  Պետք է նշեմ, որ 2010 թվականը միության համար պատասխանատու և աշխատանքային հագեցած տարի է լինելու: Այս իմաստով անելիքները բազմաթիվ են, դրանց մի մասը վերաբերում է սկսված նախաձեռնությունները բարեհաջող ավարտին հասցնելուն, իսկ մյուսներն էլ` նոր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես` աշխատանքներ են տարվելու Էլեկտրոնային մամուլի` պարբերականի ստեղծման, ինտերնետային էջի հնարավորությունների կատարելագործման, Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի հանրային իրազեկման, փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև միության անդամների շահերի պաշտպանության արդյունավետ եղանակների մշակման ուղղությամբ և այլն: Վերջինիս իրականացման նպատակով առանձին միջոցառումներ ու ծրագրեր են նախատեսվում, որոնք հատուկ միտված են լինելու հանրապետությունում դատավորի դերի ու հեղինակության, դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը:
Անշուշտ, անելիքները դեռ շատ են, սակայն այսօր վստահ կարող ենք փաստել, որ ՀՀ դատավորների միությունը ոչ միայն հանրապետությունում կայացած, այլև միջազգային բարձր հեղինակություն վայելող կառույց է, որի գործունեության արդյունքների վերաբերյալ հետևությունները թողնում ենք հանրության գնահատականին:
- Ինչ կմաղթեք մեր ընթերցողներին Տարեմուտի կապակցությամբ:
- Մեր ընթերցողներին մաղթում եմ առողջություն, նորանոր հաջողություններ, իսկ մեր երկրին` ամենակարևորը խաղաղություն և կայունություն: Եվ ուզում եմ, որ բոլորս հավատանք, որ եկող տարին ամենալավն է լինելու…    

Զրուցեց Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ